Լուրեր

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումներն Իրաքյան Քուրդիստանի քաղաքական ղեկավարության հետ

06.04.2019

Կից լուսանկարներ

Meetings with High officials

Meetings with High officials

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 4-6-ը Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն Իրաքյան Քուրդիստան կատարած այցի ընթացքում, մայրաքաղաք Էրբիլում հանդիպեց Անվտանգության խորհրդի կանցլեր Մասրուր Բարզանիին։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին հայ և քուրդ ժողովուրդների պատմականորեն ձևավորված հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Դեսպան Փոլադյանը կանցլեր Բարզանիին շնորհավորեց Իրաքի Քուրդիստանի ինքնավարության վարչապետի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ առևտրական հարաբերությունները խորացնելու շուրջ, ինչպես նաև պայմանավորվեցին շարունակել իրենց շփումները։ Օգտվելով առիթից՝ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր երախտագիտությունը հայտնեց Իրաքյան Քուրդիստանի կողմից հայ համայնքին անվճար տրամադրած հողատարածքի, ինչպես նաև կառավարության ֆինանսավորմամբ` Էրբիլի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու կառուցման համար (եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 6-ին)։

Այնուհետև դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի Քուդիստանի ինքնավարության խորհրդարանի խոսնակ, տիկին Վալա Ֆարիդին, փոխխոսնակ Հեմին Հավրամիին, քարտուղար Մունա Կահվեչիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ և քուրդ խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով երկու ժողովուրդների կողմից համատեղ պատմությունը կիսելու և ապագայում բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղիները։

Իրաքի Քուրդիստանի ինքնավարության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախարար Ֆալահ Մուստաֆայի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հավանականությանը։ Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հետարքրքրություն ներկայացնող առևտրային և մշակութային հարցերին, տարածաշրջանային զարգացումներին, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Նախարար Ֆալահ ՄուստաՖան արտահայտեց Ինքնավարության կառավարության մոտեցումը` խաղաղ գոյակցության և երկխոսության միջոցով չլուծված խնդիրների կարգավորմանը հասնելու համար։

Իրաքյան Քուրդիստանի ինքնավարություն այցի ընթացքում դեսպան Հրաչյա Փոլադյանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկեց նաև ներքին գործերի նախարար Քարիմ Սինջարիի, Էրբիլի նաhանգապետ Նավզադ Հադիի և երկրամասի խորհրդարանում ներկայացված միակ հայ պատգամավոր Վահիկ Սարանյանի հետ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր